ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Էս «նեղ մաջալն» ու Ամանորը

Էս «նեղ մաջալն» ու Ամանորը
19.12.2008 | 00:00

ՌԻՍԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ, ԴՐԱՄԸ` ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ
ՈՒշադիր աչքն անպայման նկատած կլինի, որ վերջին օրերին տարադրամի փոխանակման կետերում դոլարն ու եվրոն «թանկացել» են: Ընդ որում, բավականին հետաքրքիր տեմպերով։ Եթե նախորդ շաբաթ դոլարն, օրինակ, հայտնի Կասյան փողոցի փոխանակման կետերում 302-303 դրամ էր, ապա անցած շաբաթ-կիրակի օրերին փոխարժեքն արդեն հասել էր 310-ի:
Ճշտելու համար, թե ինչով է այս հանգամանքը պայմանավորված, անիմաստ համարեցինք գոնե ձևի համար ԿԲ-ին դիմել: Ի վերջո, ասելու էին այն, ինչ միշտ են ասել. ԿԲ-ն չի կարգավորում դրամի փոխարժեքը, մեզ մոտ այն լողացող է, շուկան ինքն է որոշում դրա չափը և այլն…
Բայց այս երևույթը պիտի բացատրություն ունենա, և, ուղիղն ասած, այդ «մանրուքի» հաշվով արդեն շատերն են գլխի ընկել, թե իրականում ինչ է կատարվում: Բանն այն է, որ ցայսօր իր դիրքերը ոչ մեկին չզիջած (թե ինչու դրսում գլխի չէին ընկնում` ոչ թե ոսկով, տարադրամով, այլ հենց մեր դրամով պահել իրենց խնայողությունները), մեր փառապանծ դրամն այլ ելք չունի և ստիպված է գոնե «քիչիկ մը ձգել գոտին» հենց միայն այն պատճառով, որ գնալով նվազելու է թե՜ դոլարի, թե՜ եվրոյի ներհոսքը մեր երկիր, ինչն էլ համապատասխանաբար կապված է մասնավոր տրանսֆերտների նվազման հետ (նույնիսկ վարչապետը խոսեց «որոշ շինարարական նախագծերի կամ կանգի, կամ ժամանակավոր դադարի», նույնն է թե` էլի երկիր մտնող տարադրամի ծավալների, այս դեպքում, փաստորեն, նաև ներդրումների նվազման մասին):
Այնպես որ, ՀՀ պետբյուջեի վերանայումը, ինչն այդպես էլ համառորեն չի արվում, և ինչի առիթով ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատրյանը կատակով նկատել էր, թե «սրանք համ էլ կարգին ալարկոտ են», ոնց որ թե դառնում է անխուսափելի:
Ի դեպ, մենք դեռ սրանից առաջ էինք համաշխարհային տնտեսական ճգնաժամի և հենց մեր իրողությունների հետ կապված նկատել (առիթն էլ, եթե հիշում եք, ՀՀ ազգային արժույթի ծննդյան 15-ամյակի տոնակատարությունն էր), որ այսպես թե այնպես` 2009-ի բյուջեն լուրջ շեղումներ է ունենալու հենց միայն այն պատճառով, որ դրա մեջ արտացոլված 1 ԱՄՆ դոլարը 303 դրամից շատ ավելի թանկ է արժենալու: Իսկ հիմա արդեն կյանքը շատ որոշակիորեն է ցույց տալիս, որ իրականում դրամի փոխարժեքն ավելի բարձր է լինելու, քան նույնիսկ նախապես էինք մտածել:
Անշուշտ, եթե մեր ԿԲ-ն շարունակի իրեն հատուկ հանելուկային քաղաքականությունը և որոշի իրեն այնպես պահել, ինչպես պահել է տարիներ շարունակ և մանավանդ այս տարվա հունվարից սկսած (ո՞վ չտեսավ, որ ամբողջ աշխարհում դոլարի փոխարժեքի հետ կապված լուրջ ցնցումներ եղան, մարդիկ մի քանի անգամ փոխեցին իրենց խնայողությունները մե՜կ դոլարի, մե՜կ ռուբլու, մե՜կ էլ չգիտես, թե ինչի, իսկ ահա Հայաստանում այն շարունակում էր կայուն լինել` մաքսիմում 300-ից 305-ի հասնելով), արհեստականորեն դրամը «կայունացնելով» և սղաճը «բացառելով», մենք դեռ մի քիչ էլ կշարունակենք այս «ճգնաժամի մասին մի խոսեք, ճգնաժամ չի լինի» իրավիճակը, ինչը, սակայն, գոնե հաջորդ տարվա կեսերին հղի կլինի լուրջ պայթյուններով։
Չնայած ԿԲ-ի հեչ վեջը չի։ Այստեղ օրերս խորհրդի նիստ են արել և պարզել, որ մենք բնավ պրոբլեմ չունենք և դեռ մի բան էլ «խորը գնանկումային միջավայրի ձևավորման մասին» կարող ենք խոսել: Լավ է, չէ՞, մանավանդ, երբ մարդիկ մի քանի ժամ նստում ու լուրջ բաներ քննարկելու փոխարեն ընդամենը 2008 թ. նոյեմբեր ամիսն են հոկտեմբերի հետ համեմատում և պարզում, որ «արձանագրվել է 0,1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է շուրջ 2 տոկոսային կետով` կազմելով 6,6%։ Գնաճի տեմպի էական նվազումը հիմնականում պայմանավորվել է նոյեմբեր ամսվա ընթացքում «հացամթերք» ապրանքախմբի գների 4,3% և դիզելային վառելիքի գների շուրջ 12% նվազմամբ»։
Չնայած` նաև ընդունել են, որ «համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շարունակական խորացման պայմաններում սկսել են դրսևորվել ռիսկեր… ԱՄՆ-ում և եվրագոտում արդեն իսկ երրորդ եռամսյակում արձանագրվել է տնտեսական անկում, իսկ զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերն ու արդյունաբերական մետաղների գներն սկսել են նվազել», բայց դե` ոչինչ: Ճիշտ է, ներմուծումն արդեն կազմել է 4, իսկ արտահանումն ընդամենը 1 մլրդ ԱՄՆ դոլար, այն էլ` հիմնականում նախկինում ոսկերչության և ադամանդագործության ճյուղերին դրսից հասցված պատվերների շնորհիվ։ Ճիշտ է, ինչ կա-չկա` կամ արդեն փակվել է, կամ մանրից փակվում է, բայց սրանից մեր տնտեսությունը չի տուժում:
«Հունվար-հոկտեմբերին տնտեսական աճը կազմել է 9,2%՝ հունվար-հունիսի 10,3%-ի դիմաց»,- հայտարարում է ԿԲ-ն` այսպիսով փաստելով, որ աճի նվազումն ընդամենն ինչ-որ չնչին 1,1%-ի է վերաբերում, այն էլ, ինչպես վարչապետն էր նշել դեռ ԱԺ-ում, «արձանագրվել է հիմնականում շինարարության ճյուղում, որը կարող է պայմանավորված լինել որոշ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հետաձգումներով»:
Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականությանն ու, մասնավորապես, վերը նշված դրամի փոխարժեքի արժեզրկման ճնշումներին, ԿԲ-ն ոնց որ «այդպիսի կարծիքներ հնչեցին»-ի մակարդակում ընդունել է փաստը, ընդունել է նաև այն, որ «2008 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արձանագրվել է ապրանքների արտահանման գրեթե զրոյական աճ», սակայն սպասվում է նաև «ներմուծման աճի տեմպերի կտրուկ դանդաղում»: Ինչո՞ւ` որովհետև «համաշխարհային տնտեսության ներկա զարգացումների պայմաններում հոկտեմբեր ամսին ոչ առևտրային բնույթի փոխանցումների աճն ակնկալվածից ավելի ցածր է եղել»:
Պարզ է: Լավ կանեին, իհարկե, ավելի պարզ ասեին, որ եթե դրսից մասնավոր տրանսֆերտները նվազում են, ինչի հաշվին էլ հիմնականում մեր ժողովրդի մի ստվար մասն է ապրում, ուրեմն, նաև այդ հատվածի գնողունակությունն է նվազում (միայն ես արդեն 4-5 ընտանիք գիտեմ, որոնց հարազատներն այս Ամանորին ոչ թե նախկինի պես գումար են ուղարկելու, այլ, օրինակ, իրենց ծնողներին, եղբայրներին ու քույրերին են հրավիրելու արտասահման` համարելով, որ էս «նեղ մաջալին» ու մեր թանկության պայմաններում Հայաստան փող ուղարկելն անհամեմատելի է միանգամից նրանց կանչելու, միաժամանակ նաև «կարոտներն առնելու ծախսերի» հետ: «Առևտրային բնույթի փոխանցումներ են անում»` ավելի շատ ապրանք բերում, որ ի՞նչ անեն` գլխներին լցնե՞ն: Թող մի էս Նոր տարին էլ անցնի, տեսնենք կարողանալո՞ւ են գոնե օրվա հացի հոգսը հոգալ, թե՞ չէ։
«Դրսևորված և սպասվող ռիսկերի, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումների պայմաններում խորհրդի քննարկումները կենտրոնացան դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի նվազման երկու սցենարների արդյունքում» եկանք հասանք վերաֆինանսավորման տոկոսադրույքների խնդրին, ինչի առիթով «Հայլուրը» աչքալուսանք տվեց, թե վերջին տասնամյակում առաջին անգամ դրանք ոչ թե բարձրացվել, այլ իջեցվել են: Ուժգին «կռիվ է եղել» ԿԲ-ի խորհրդի նիստում, ոնց հասկացանք, որովհետև երկու բանակի են բաժանվել. մի մասն առաջարկել է 0,50 կետով իջեցնել տոսկոսադրույքը, մյուս մասը` 0,75 տոկոսային կետով, վերջը «առավել հիմնավորված են համարել 0,50 տոկոսային կետը` սահմանելով 7,25%:
Ոնց տեսանք` ամեն բան լավ էր: «Խորհրդում բազմիցս նշվեց, որ ձևավորվող գնանկումային միջավայրը թույլ է տալիս ԿԲ-ին թուլացնելու դրամավարկային պայմանները՝ նպատակ ունենալով մեղմել համախառն ներքին արդյունքի տատանողականությունը և նպաստել տնտեսական աճի տեմպերի պահպանմանը»,- նշում է ԿԲ-ն` զարմացնելով բոլորիս:
Իսկ ընդհանրապես` «ականջը կանչի» մեր վաճառված ոսկու։ Ոնց հասկանում ենք` դրանով խնայողություններ պահելու նպատակահարմարությունը հենց այսօրինակ իրավիճակներում է երևան գալիս, բայց դե, մեկ էլ տեսար` դոլարը մի էնպիսի բարձունքների հասավ, որ «տնտեսագիտական ուժգին քթի ծակ ունենալու» համար Հայաստանի ոսկին վաճառողներին Նոբելյան մրցանակի էլ արժանացրին: Ո՞վ գիտե։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, նյութն արդեն պատրաստ էր, երբ միանգամից երկու տարբեր ակումբներում բանավեճ սկսվեց ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատրյանի ու դաշնակցական Արծվիկ Մինասյանի, նաև` ՀՀ ԿԲ-ի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի ու ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի միջև: Պարոն Խաչատրյանը, կառավարությունից բացի, կոալիցիային մեղադրեց «անգամ ճգնաժամից առաջ ոտի վրա գրած բյուջեն ընդունելու և ձայն չհանելու համար», ինչին Մինասյանը հակադարձեց «կառավարությունը պիտի քո գործընկերը լինի, ոչ թե ախոյանը» ոչինչ չասող ձևակերպմամբ, իսկ ահա Բոստանջյանը հերթական անգամ ինքնամխիթարմամբ զբաղվեց, իբր` «սա է մեր երկիրը, և սրանք են մեր հնարավորությունները»: Մինչդեռ` «սա ճգնաժամի առաջին ալիքն էր, ամենավատը դեռ առջևում է»,- «Հայելի» ակումբում զգուշացրեց ԿԲ-ի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, հավելելով, թե զարհուրելի բան է տեղի ունեցել. «Միայն հոկտեմբերին կենտրոնական բանկը 100 միլիոն դոլար է մտցրել շուկա… անգամ փոխանակման կետերին զանգում, կարգադրում են, որ եթե 310-ից բարձրացավ, 6-րդ վարչությունն է ձեզանով զբաղվելու: Այդպիսի տնտեսություն չի կարող լինել, սրանով մեր տնտեսությունը քայքայում ենք»։

Դիտվել է՝ 8793

Մեկնաբանություններ